Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փաղչում
երբ
պատշգամբը
ակնթարթի
2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ վճիտ————————————————
բ/լուռ լռիկ, խուլ, կամաց—————————
գ/ակնդետ անթարթ————————————
դ/ընտանի մտերիմ—————————
3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ —ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին —դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ —համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել —մեկին պաժել, լավ ծեծել
4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
բար-ե-կամ
պատշ-գամբ
վերջ-ա-լույս
ոսկե-գեղմ
5. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/զակազ —պատվիրել
բ/մալինա —մոշ
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ—սկիզբ
6. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
վազորդ
որսորդ
Եղնիկը
գիշեր
7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական
8. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: /հարցական/
Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… /բացականչական
9. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
Եղնիկը նայում էր հեռու, մութ անտառներին:
10. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ
11. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
12. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Նա կարող էր կարոտել իր սիրած գուրգուրող անտառներին և զանգակ աղբյուրներին, իր խարտյաշ մորը և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներին:
13. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը գիտեր, որ եղնիկը նույնպես ունի մտածող և գայուն հոգի։
14. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Անտառում կաղնիներն ու ընկուզիները ճակատում էին հոմի դեմ՝ աղմկում և գոռում։
15. Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ։