
Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին` Պապը (370-374թթ.)։
Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։
Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը
առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի:
Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։
Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարարությամբ
խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։
Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։ Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն մաշտոցյան գրերի գյուտը։ Այդ մասին
մենք ավելի մանրամասն կիմանանք հետագա դասերին։
