Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տուֆի մի ամբողջ հանքավայր: Այն աչքի է ընկնում ոչ միայն տուֆի առատությամբ, այլ նաև գունային բազմազանությամբ: Կարելի է հանդիպել վարդագույնից մինչև մուգ հրաբխագույնի երանգները: Տուֆի 28 երանգներից Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:

Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝
- Անիի — դեղին և նարնջագույն
- Արթիկի — վարդագույն և մանուշակագույն
- Երևանի — սև և կարմիր
- Բյուրականի — վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով
- Ֆելզիտային — նախշավոր
Գիտնականների պնդմամբ տուֆի գույների տարբերությունները կապված են լավայի հոսքի արագության, դրա ավարտի վայրի և օքսիդացման հետ: Վարդագույն տուֆը՝ այսպես կոչված զոդված տուֆն է, որն առաջանում է պիրոկլատիկ հոսքերի վերին շերտերից, որոնք և տարածված են Հայաստանի տարածքում: Վարդագույնը հենց տուֆի իսկական օքսիդացման գույնն է, որը ձևավորվում է անմիջապես պրիոկլատիկ հոսքերի սառեցումից հետո:

Հայաստանում տուֆի ամենամեծ հանքավայրերից մեկը գտնվում է Արթիկ քաղաքում: Հենց այստեղ էլ մշակվում է բոլորին հայտնի վարդագույն տուֆը: Արթիկից տուֆը արտահանվում է բազմաթիվ երկրներ:
Դարեր առաջ արդեն հայերը համոզել էին, որ տուֆն ավելի ամուր քարատեսակ է, քան աղյուսը: Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ այս քարատեսակը նաև միատարր է և նրանից հնարավոր է հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ ստանալ:
Տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները: Սա հնարավորություն էր տալիս ապահովելու շենքերի գեղեցիկ և քանդակազարդ արտաքին տեսքը:
Տուֆը կտրելու համար անհրաժեշտ չէին մեքենաներ և ժամանակակից սարքավորումներ: Միայն կացինը և սղոցը բավարար էին, որպեսզի ստանային հավասար քարի կտորներ:
Տուֆն ունի նաև շնչելու հատկություն: Քարի ծակոտիները հնարավորություն են տալիս ձմռանը շենքի ներսում պահպանել 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ ամռանը խուսափել դրսի շոգից: Եվ այսպիսով, տուֆից պատրաստված շենքերը ապահովված են լինում բնական օդափոխությամբ:
Հնում մարդիկ կարծում էին, որ տուֆն այդքան էլ ամուր քարատեսակ չէ: Եվ որպեսզի ավելի ամրացնեին տուֆից պատրաստված շինությունները, դրանք օծել են յուղով, իսկ այնուհետև ներկել որդան կարմիրով: Եվ միգուցե հենց այս ամենի շնորհիվ է, որ մի շարք շինություններ մինչ օրս կանգուն են մնացել: