Առյուծի հետ մենամարտը՝

Էլավ, գնաց քեռուն,
Ասաց.— Քեռի, թանկությո՛ւն է.
Կարնա՞ս մեզի ճար մի գտի։
Քեռին ասաց.— Մհեր, որդի,
Ի՞նչ ճար գտնեմ, երկիր հաց չմնաց։
Թե հաց լինի՝ քո հոր ամբարներ տի լինի։
Մհեր հարցուց.– Ինչի՞ց է՝ հաց չկա.
Կարկու՞տ զարկե, քամի՞ն քաղե,
Տո՞թն է տվե…
Քեռին ասաց.— Չէ՛, էդուց չէ։
Մեր երկիր վար ու ցանք քիչ է.
Էծ կպահենք, տավար ու էշ,
Մեր հաց Շամա, Հալեպա կգար.
Չէ, մեկ առյուծ է լուս ընկե.
Երբ սար չութի էրթանք՝ մեզ կո՛ւլ կտա։
Ճամփան կտրեց ճամփորդներեն.
Գալող ու էրթացող հատավ.
Մարդ չի կարնա ճամփա էրթա՝
Շամից էստեղ, էստեղից Շամ.
Էդո՛ր համար հացի պակաս
Ու թանկություն ընկավ աշխարհք։
Մհերն ասաց.–Քեռի՛,
Առյուծն ի՞նչ է. իմա՞լ առյուծ։
Ասաց.— Գազաններու ջո՛ջն է առյուծ, մարդիկ կուտի:
Մհեր հարցուց.— Հեռվանց կուտի՞,
Թե՝ մոտենաս, ու նոր կուտի։
Քեռին թե՝ մոտենաս ու նոր։
Մհերն ասաց.— Էդպե՛ս է՝ ես լուսուն կերթամ։
Քեռին ասաց.— Որդի, չերթաս, քեզ կջարդի
Ականջ չարավ, գնաց։
Առավոտուն վիր ոտ-որ ուզանգուն հասավ,
Ամե՛ն, ինչքան ձի հեծնող կար՝
Հեծան՝ Մհերի հետ գնացին։
Գնացին էն առյուծին։
Առյուծ տեսավ՝ մա՛րդ մի կգա՝
Էլավ, էկավ իրեն տեղեն։
Պոչը գետին կտփտփեր.
Թոզ ու դուման կբարձրացներ.
Էլավ՝ էկավ Մհերի դեմ։
Մհեր ասաց իրեն զորքին.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ կգա։
Ասին.— Առյուծ է՛դ է, որ կա։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կթողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կդառնամ էնոր վերան ու կսպանեմ զէնի։
Դարձավ, ասաց.— Առյուծի մեր
Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ, աստված կանչեց, էնպե՛ս ծնավ.
Ես իմ ասպապը տի հանեմ,
Կուշտի՛ կպնեմ առյուծի հետ։
Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան.
Մհեր մենակ գնաց։
Գնաց, ինք ու առյուծ առան իրար։
Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր երկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկ էլ՝ էն դին։
Իր հետ գնացած մարդեր եկան,
Կայնան Մհերի մոտ։
Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն,
Մհերի մոր, թե.— Աչքդ լուս ըլնի,
Մհերն առյո՛ւծ սպանեց։
Չուր հիմիկ Մհեր էր,
Հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։